Հովհաննես Թումանյան🎇

«Հովհաննես Թումանյան»Ավետիք Իսահակյանի հուշերից

Լոռիում եմ. Սարոյի, Սաքոյի, Անուշի հայրենիքում. Օհաննեսի հետ,
նրա հարկի տակ: Ի՜նչ կար ավելի քաղցր, քան այդ ժամերը: Օհաննեսի
հետ շրջում ենք Դսեղ գյուղում, նրա շրջակայքում: Հին, հնադարյան
գյուղ է Դսեղը, ամեն կողմում` անցյալի բեկորներ: Գնում ենք գերեզմանատուն. այցելում ենք Օհաննեսի հոր շիրիմին. Օհաննեսի աչքերն
արցունքոտվում են. ութ տարի է անցել հոր մահից, բայց վիշտը չի անցել:
Եվ նորից պատմում է նա ինձ իր սքանչելի հոր մասին. ազնվական,
բարի, սիրող սրտով մարդ, բանաստեղծական հոգով:
«Ինչ որ կա իմ մեջ լավ բան՝ հորիցս է», — ասում է նա:
Գնում ենք բարձրաքաշ Ս. Գրիգորի հոյակապ վանքը տեսնելու, մեր
միջնադարյան ճարտարապետության մի փառավոր կոթող:
Գնում ենք լիճը տեսնելու, որ դսեղցիները, լոռեցուն հատուկ չափազանցությամբ, ծով են կոչում: Բարձրանում ենք մի զառիվեր,
որտեղից սկսվում են Մարցի չքնաղ անտառները:
Օհաննեսի մանկության և խաղերի վայրերն են սրանք:
Ամեն կողմից դեպի երկինք են մխրճվում լեռնագագաթները. լանջերը՝ անտառապատ, բարձր ժայռերի վրա հսկա ծառեր կան, ավելի
բարձր՝ արծվի բներ: Ձորակներից ծուխ է բարձրանում. հովիվների
բինաներն են, ուր ապրում են աժդահա սաքոները:
…Գյուղի շուրջը բազկատարած շառաչում են «կանաչ, վիթխարի
ընկուզենիները». և արդյոք որի՞ տակ Օհաննեսը օրհնություն ստացավ
գյուղի մեծերից:
Ձիեր նստած թափառում ենք Լոռվա գյուղերում: Գնացինք Օձուն,
Սանահին, Հաղպատ և այլուր:
Շրջեցինք Լոռվա գրեթե մեծ մասում:
«Մի գրողի ճանաչելու համար պետք է լինել նրա հայրենիքում»,-
այսպիսի մի միտք է հայտնել գերմանացի բանաստեղծ Գյոթեն:
Լոռին նահապետական մի ինքնամփոփ աշխարհ է. հեքիաթի,
առասպելի մի վիպաշխարհ, դյուցազնական աշխարհ. նրա ամեն մի
անկյունը՝ ավանդավեպ, ամեն մի քարը՝ խոսող հերոսական անցյալից:
…Քաջությունը, իգիթությունը լոռեցու հատկություններն են: Օհաննեսի նախահայր պապը Լոռվա ձորերի և անտառների նահապետ քաջ
Հովակիմն է՝ Մեհրաբյան-Թումանյան Հովակիմը, որի մասին հոմերական ոճով գրում է Խաչատուր Աբովյանը:
Մի հսկա, ժայռեղեն տղամարդ, որը պաշտպանում է Լոռին անթիվ
հաղթանակող կռիվների մեջ:
Ինքը՝ Օհաննեսը, քաջ մարդ էր, լավ հրացանաձիգ, որսկան:
Երբ շրջում էինք գյուղերում, բոլոր գյուղացիները ճանաչում էին
Օհաննեսին և խորին հարգանքով վերաբերվում նրան: Օհաննեսն էլ
ճանաչում էր գրեթե բոլորին, մանավանդ տարեց լոռեցիներին, զրույց էր
անում նրանց հետ, կատակում Լոռվա համով-հոտով բարբառով:
…Լոռիում Օհաննեսն իր տարերքի մեջ էր: Այս հոյակապ բնության
մեջ, այս՝ ավանդություններով, առասպելներով, հիշատակներով լի
չքնաղ սարերում ու ձորերում նա բազմապատկվել էր կյանքով:
…Դյուցազնական-նահապետական Լոռին իր շքեղ բնությունով, իր
ավանդներով ու սովորույթներով, նրա հինավուրց ժողովուրդն իր
կենսահայացքով, իր ցավերով, նաև իր պայքարով եղան Օհաննեսի
ներշնչարանը: Այստեղից է հորդահոս գալիս Օհաննեսի ստեղծագործության աննախընթաց ժողովրդայնությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *